Գյումիրում մարտի 10-ի երեկոյան Խանջյան փողոցի «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասկածյալները ստորագրությամբ ազատ են արձակվել: Այս մաիսն NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից:

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ վիճաբանող կողմերի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչին նախորդել է վթար՝ նրանք դիտավորյալ բախվել են իրար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիի ավագանու անդամ Տիգրան Փանոսյանի եւ ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանի ազգականների միջեւ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ գործարար, Գյումրիի «Բյուզարդ» ռեստորանի սեփականատեր,  «Կրուգի Մըստ» մականունով հայտնի Տիգրան Փանոսյանի ազգականը եւ Չուբար Զարգարյանի եղբորորդին դեպքից օրեր առաջ վիճաբանել են ինչ-որ աղջկա պատճառով, ավելի ուշ հանդիպել, զրուցել, տարաձայնությունները հարթել, սակայն դեպքի օրը Գյումրիի Խանջյան փողոցում պատահաբար հանդիպել են եւ կրկին վիճաբանել:

Նախաքննության ընթացքում վիճաբանող կողմերից մեկի՝ ավագանու  նախկին անդամ Չուբար Զարգարյանի եղբորորդուն պատկանող   «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վթարված վիճակում գտնվել է Գյումրի քաղաքի թաղամասերից մեկում:  Իսկ ավագանու գործող անդամ Տիգրան Փանոսյանին՝ «Կռուգի Մըստին» պատկանող «Ֆորդը» չեն հայտնաբերել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննություն է տարվում` միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։