«Յունիգրաֆ-Իքսի» բաց թողած շները իրականում վարակակիր են, որոնք վտանգում են ոչ միայն ընտանի կենդանիների, այլեւ մարդկանց կյանքը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմի» համակարգող Գոհար Մանուշակյանը:

««Յունիգրաֆ-Իքսը» քանի օր է՝ քաղաքի տարբեր հատվածներում իբր ստերիլիզացված շներ է բաց թողնում: Մենք բռնել ենք այդ շներից մի քանիսին եւ ուսումնասիրել. պարզվել է, որ դրանք խայտառակ ծանր վիճակում են, մեծ մասը վարակված է չումկայով, ընտանի կենդանիները սրանց հետ շփվելով իրենք էլ են վարակվում: Բացի այդ, կան վարակներ, որոնք վտանգավոր են նաեւ մարդու համար. այսինքն` վարակված շան հետ շփվելով` վարակը բաց վերքի կամ թքի միջոցով կարող է փոխանցվել մարդուն: Մենք պահանջում ենք, որպեսզի Սանէպիդկայանը համապատասխան ստուգումներ իրականացնի «Յունիգրաֆ-Իքսի»` Նոր Արտամետում գտնվող շների համար նախատեսված կացարանում»,-ասաց նա:

Գոհար Մանուշակյանն անդրադարձավ նաեւ «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպության տարածած այն տեղեկություններին, որ կենդանասերների մեղադրանքներն անհիմն են, դրանք ապացուցող տեսագրություններն ու նկարները՝ ներբեռնված համացանցից սուտ: Սա, ըստ նրա, խոսում է «Յունիգրաֆ-Իքսի»  լկտիության մասին.

«Ես չեմ հասկանում՝ սա տգիտության մասին է խոսում, թե արդեն լկտիության: Մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է, անգամ լրագրողներին էինք հրավիրել, որպեսզի տեսնեն, թե ինչ վիճակում են բաց թողած շները: Շների քթերից թարախ էր հոսում, ոչ թե վիրահատել էին, այլ բլանդել էին շներին: Եթե նրանք թափանցիկ էին աշխատում, ինչու չեկան եւ չհերքեցին մեր տարածած տեղեկությունները: Իրենց անասնաբույժներն այնքան անթասիբ են, որ կարող են վնասել շանը, վարակված կենդանուն բաց թողնել հասարակական վայրերում» ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 10-ին, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն բացահայտել է դրանց վնասազերծմամբ եւ ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կեղծիքը: Կենդանասերներն անասնաբուժանական կլինիկա են տեղափոխել «Յունիգրաֆ-Իքսի» բաց թողած 40 շներից 7-ին, վիրահատել եւ պարզել են, որ նրանք կամ ստերլիզացված չեն, կամ դա արվել է կոպիտ խախտումներով:

Նշենք, որ «Յունիգրաֆ-Իքսը» պարբերաբար քաղաքում բաց է թողնում որոշ քանակությամբ շներ՝ ցույց տալու համար, որ իրենք իսկապես ստերիլիզացնում են շներին: