«Յունիգրաֆ-Իքսը» կազմակերպություն է, որի վերեւում պաշտոնյա մարդիկ են կանգնած եւ որն ուտում է Երեւանի քաղաքապետարանի կողմից տրվող 110 մլն դրամը: Այս մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող  «Դինգո թիմի» համակարգող Գոհար Մանուշակյանը:

«Այդ կազմակերպությունը ստերիլիզացնելու եւ բուժելու փոխարեն դաժանաբար վնասում է շներին, հարյուրավոր առողջ շներ վարակակիր են դառնում նրանց մեքենաներում ու սպանդանոցում: 110 մլն դրամը, որ Երեւանի քաղաքապետարանը վճարում է նրանց եւ որը մեր հարկերից է գոյանում, նրանք ուտում են, ոչ թե գործ են անում»,- ասաց Գոհար Մանուշակյանը:

Նրա խոսքով` արդեն մի քանի տարի է կենդանասերները պայքարում են  «Յունիգրաֆ-Իքսի» անօրինական գործունեության դեմ: Նախորդ տարի մի քանի կենդանապաշտպան կազմակերպություններով միավորվել են եւ փորձել մասնակցել քաղաքապետարանի կողմից հայտարևարվող` թափառող կենդանիների ստերիլիզացմամբ զբաղվող կազմակերպությունների մրցույթին, հայտ են ներկայացրել, սակայն մրցույթին մասնակցել այդպես էլ չի հաջողվել:

«Մեզ օրն ու ժամն ասել էին, գնացինք նշանակված օրը, քաղաքապետարանի ներկայացուցիչը` Ալֆրեդ Հունանյանը, իջավ եւ ասաց, որ մրցույթը հետաձգել են, մոտ 15 րոպե իր հեքիաթներն էր պատմում: Հաջորդ օրն իմացանք, որ այդ նույն ընթացքում մրցույցթը կայացել է, եւ «Յունիգրաֆ-Իքսը» ` որպես միակ ներկայացող, հաղթեց»,- ասաց Գոհար Մանուշակյանը:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմը» պահանջում է  ոչ միայն  «Յունիգրաֆ-Իքսի» լուծարում, այլեւ կենդանիների պաշտպանության մասին օրենք, քաղաքապետարանի ու կենդանիների ստերիլիզացմամբ զբաղվող կազմակերպության միջեւ կնքված պայամանագրի որոշ կետերի փոփոխություն:

«Պայմանագրով նախատեսված է, որ շների 90 տոկոսը պետք է քնեցվեն (սպանվեն): Դա աբսուրդ է. ո՞վ է որոշում որ կենդանին ապրի, որը ոչ: Կենդանիների պաշտպանության մասին օրենք չկա Հայաստանում, այդ պատճառով էլ «Յունիգրաֆ-Իքսն» անպատիժ գործում է այսքան ժամանակ»,- նշեց Գոհար Մանուշակյանը: