ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Մկրտչյանն աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն եւ գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ: Լեւոն Մկրտչյանը նաեւ առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի եւ  կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը եւ առաջնորդվի դրանով: Լեւոն Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաեւ ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձեւավորելով որոշակի սկզբունքների եւ չափանիշների հիման վրա : Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ: "Կոլեգիայի նիստում պետք է քննարկվեն բավականին լուրջ հարցեր: Առհասարակ, կոլեգիան պետք է լինի նախարարության դեմքը եւ ուժ տա նրան: Առկա է կոլեգիայի հեղինակության բարձրացման խնդիր",-նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման հնարավորության, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության, տնօրենների հավաստագրման, ուսուցիչների տարակարգի, ոչ պետական բուհերի գործունեության վերաբերյալ այլ հարցեր: