Սիրիական առաջիկա բանակցությունների վերաբերյալ Սիրիայի արտգործնախարարի հայտարարությունն արգելակում է դրանք, դեռ չսկսված: Այդ մասին հայտնել է սիրիական ընդդիմության ղեկավար Մոնզեր Մահուսը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

«Մուալլեմի հայտարարությունները մեխում են ժնեւյան դեռ չսկսված բանակցությունների դագաղը», — ասել է Մահուսը:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆֆան դե Միստուրան նախատեսել է միջսիրիական անուղղակի  բանակցությունների լայնաձեւաչափ փուլը սկսել մարտի  14-ին:  Նա հաղորդել է, որ առաջին պատվիրակությունը, որի հետ պատրաստվում է հանդիպել, կարող է դառնալ Դամասկոսի պատվիրակությունը:  

Ավելի վաղ` շաբաթ, Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտնել էր, որ Սիրիական կառավարության պատվիրակությունը  Ժնեւ հասնելուց հետո 24 ժամից ավելի չի սպասի բանակցությունների սկզբին: Բացի այդ, նա հայտնել է, որ սիրիական իշխանությունները դեմ են դաշնակցային կառուցվածքի անցնելու վերաբերյալ բանակցություններին եւ չեն քննարկի նախագահական ընտրությունները: