ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն եւ Հայկ Վ.-ն ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Մասնավորապես՝  Մհեր Ս.-ն  հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչ Վ. Հովհաննիսյանը 2015 թ. փետրվարի 13-ին հարցաքննելու ժամանակ բռնություն է կիրառել իր նկատմամբ, այնուհետեւ սպառնալով ձերբակալել՝ պահանջել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, ինչից վախենալով ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, թե, իբր, Գ. Ա.-ի ձեռքին դանակ է տեսել:

Հայկ Վ.-ն էլ հայտնել է, որ  քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, պահվել է շուրջ 9 ժամ, սակայն քննիչն իրեն հարցաքննել է 1 ժամ, իսկ 8 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկվել է` պահվելով հիշյալ քննչական վարչությունում:

Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի եւ Հայկ Վ.-ի հաղորդումներում մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ  Մհեր Ս.-ին հարցաքննել է ոչ թե Վ. Հովհաննիսյանը, այլ քննչական խմբում ընդգրկված Հ. Համբարյանը: Հենց վերջինիս կողմից է կազմված եւ ստորագրված Մհեր Ս.-ի՝ 2015թ. փետրվարի 13-ին կատարված  հարցաքննության արձանագրությունը: Ընդ որում, հարցաքննությունից առաջ Մհեր Ս.-ին բացատրվել են վկայի իրավունքներն ու պարտականությունները, իսկ նա այդ հանգամանքը հաստատել է՝ արձանագրությունում իր ձեռքով գրելով, որ ծանոթացել է իր իրավունքներին, փաստաբանի եւ թարգմանչի կարիք չունի:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մհեր Ս.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նախաքննությամբ հերքվել են նաեւ Հայկ Վ.-ի կողմից մատնանշված՝ իրեն տեւական ժամանակ՝ շուրջ 9 ժամ ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տվյալները: Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս հարցաքննվել է ժամը 17:20-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Այս կերպ` քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն եւ Հայկ Վ.-ն, գիտակցելով, որ իրենց կողմից մատնանշված տվյալները կեղծ են, ծանր հանացագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել քննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից առերեւույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի եւ Հայկ Վ.-ի արարքներում առերեւույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Կատարվում է նախաքննություն: