Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծությունը շարունակվում է, ասված է ռուսաստանյան Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի տեղեկատվական բյուլետենում: Տեքստը հրապարակվել է շաբաթ ՌԴ Պաշտպանության նախարարության կայքում: 

Շարունակվում է Թուրքիայի տարածքից Սիրիայի տարածքի գնդակոծությունը: Ռուսաստանյան Հաշտեցման կենտրոնը Հալեպի նահանգի բնակիչներից տեղեկություններ է ստացել Դաքնա բնակավայրի շրջանում քրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին հրետանային հարվածի մասին: 

Գրոհայինները, որոնք իրենց վերագրում են  «Ահրար Աշ-Շամ» խմբավորմանը, երկու անգամ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից եւ ականանետերից գնդակոծել են քրդական ջոկատների դիրքերը Հալեպ քաղաքի Շեյխ Մակսուդ թաղամասում: 

Ռուսաստանյան Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը լրացուցիչ օպերատիվ խումբ է ուղարկել  Հալեպում եւ մերձակայքում իրավիճակի մոնիտորինգի համար: 

Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադարի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել փետրվարի 22-ին` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի խորհրդակցությունների ընթացքում: Մոսկվայի եւ Վաշինգթոնի համատեղ հայտարարության համաձայն, հրադադարը որը չի տարածվում   ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որպես ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ Ան-Նուսրա» եւ այլ խմբավորումների վրա, սկսվել է փետրվարի 27-ին ժամը 00.00-ին: