Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին դանակի 30 հարվածով նախկին կնոջը սպանելու մեջ մեղադրվող 40-ամյա Արտակ Առաքելյանն այսօր՝ մարտի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից խնդրեց գործին կցել կնոջ եւ թուրքի հեռախոսային զանգերի եւ հաղորդագրությունների վերծանությունները, որոնք ըստ նրա, ապացուցում են, որ նրանք սիրային կապի մեջ են եղել։
«Ինքն էդ թուրքի հետ զանգերով ու sms-ներով շփվել ա, ու ոչ մի առեւտրի թեմա չի եղել»,-ասաց ամբաստանյալը՝ հակադարձելով սպանվածի քրոջ՝ գործով վկա Քրիստինե Դարբազյանի պնդմանը, թե քույրը թուրքի հետ է շփվել առեւտրի արդյունքում կուտակված պարտքի հարցերով՝ հենց Արտակի պահանջով։
Վկան այնուամենայնիվ, հաստատեց, որ քույրը թուրքից մեկ անգամ «Սիրում եմ քեզ ու քո ընտանիքին» բացիկ է ստացել, ինչ մասին հայտնել են իրեն, քրոջ երեխաները։
Անդրադառնալով՝ սպանված Հեղինե Դարբազյանի քրոջ մեղադրանքներին, թե Արտակ Առաքելյանը կնոջը բազմիցս ծեծի է ենթարկել, Արտակ Առաքելյանը վերջինից ապացույցներ պահանջեց։
«Եթե ծեծել եմ, ո՞նց ա կապտուկներով ամեն օր գործի գնացել, մարդկիկ են եղել, կասեին չէ՞, որ տեսել են։ Կամ ասում ես՝ մատն եմ կոտրել, չէին կարա պարզեին, որ կոտրա՞ծ ա, ասածներդ էնքան ճշմարտացի չեն, որ խոսելս էլ չի գալի»,-ասաց ամբաստանյալը։
Քրիստինե Դարբազյանը նաեւ հայտնեց, որ Արտակի պատճառով քրոջը 8-ը տարի չի տեսել, մեկ անգամ միայց 2014թ. գաղտնի այցելել է նրան տոնավաճառ։
«Երեւի Աստված մի քիչ բարեգութ գտնվեց, որ բաժանվել էր քեզնից, վերջին 5 ամիսներին կարողացանք վայելել Հեղինեի ներկայությունը։ Ես միշտ էլ քեզ ատել եմ, դու սրիկա մարդասպան ես»,-բորբոքվեց սպանվածի քույրը։
Արտակ Առաքելյանը նշեց, որ կնոջը հարազատների հետ շփվել թույլ չտալու համար իր պատճառներն է ունեցել։
«Գիտեմ քո պատճառը, ասում էիր՝ ձերոնք մեզ խանգարում են, բայց որ աշխատանք չունեիր մենք էինք քեզ պահում, լույսիդ փողը տալիս։ Հենց գործ ունեցար, խանգարեցինք»,-արձագանքեց Քրիստինե Դարբազյանը։
Մեղադրողի հարցին, թե ինչը կարող էր լինել քրոջ սպանության շարժառիթը, վկա Քրիստինե Դարբազյանը պատասխանեց. «բաժանվելը», իսկ թե քրոջն ինչ է ստիպել 15 տարի ամուսնու կողքին ապրել, ասաց՝ «սպառնալիքները, հետո էլ խղճում էր»։
Նշենք, որ Արտակ Առաքելյանն ընդունում է, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին դանակի 30 հարվածով սպանել է կնոջը՝ Հեղինե Դարբազյանին եւ այդ քայլին է դիմել խանդի պատճառով: Նկատել է, որ Ռուսաստանից վերադառնալուց եհտո կնոջ վերաբերմունքը փոխվել է իր նկատմամբ, բացի այդ էլ՝ մտքից դուրս չի եկել կնոջ՝ «դու ինձ էլ պետք չես, ուզում ես՝ արի, ուզում ես՝ մի արի»։
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում:




























