Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 06.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցի եւ Արարատյան զանգվածի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն եւ երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիայի եւ Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Mersedes C180» մակնիշի 34 CO 445 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Մ., ծնվ. 1986 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Mersedes 769» մակնիշի 34 OQ 426 համարանիշի ավտոքարշակին եւ դուրս գալով ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից՝ հարվածել ծառերին, այնուհետեւ՝ բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.02-ին, մարվել՝ 07.07-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մոտ 0,5 քմ: