Նաիրիտցիները ոչ մի ակնկալիք չունեն էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունում իրենց հարցը ուսումնասիրելու համար ստեղծված աշխատանքային խմբից:

«Սա առաջին խումբը չէ, որ ստեղծվում է, սա հարցը ձգձգելու փորձ է ընդամենը: Թող ուղղակի աշխատեն, պետք չի, որ նորից ուսումնասիրեն, նոր խմբեր ստեղծեն, ժամանակ երկարացնեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:

Կարինե Շահվերդյանի խոսքով աշխատանքային խումբը գլխավորող՝ նախարարի տեղակալ Լ.Շահվերդյանը նոր չի, որ պետք է ծանոթանա խնդրին:

«Նա մեկ տարի տնօրեն է եղել նաեւ, ամեն ինչից քաջատեղյակ է»,- նշեց նա:

Նշենք, որ նաիրիտցիները պահանջում են վերագործարկել գործարանը:

Նշենք, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը եւ հետագա անելիքները ուսումնասիրելու համար։

Աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։