Գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին: Այս մասին նշվել է Ծաղկաձորում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության նախնական արդյունքները:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հետազոտական աշխատանքն իրականացնելու համար ընտրվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը՝ «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ: Հետազոտություն իրականացնող մասնագիտական խմբի կողմից կատարվել է կրթական չափորոշչի, առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի ուսումնասիրություն, փորձ է արվել վերհանել խնդիրներն ու բացերը, դրանք համադրվել են մի քանի երկրների փորձի հետ, ինչպես նաեւ ներկայացվել են վերանայման առաջարկություններ:
Ուսումնասիրության մեջ ներկայացվել են աշխարհում առկա կրթակարգերի հիմնական մոդելները: Մասնագիտական խումբն արձանագրել է նաեւ, որ գործող կրթական չափորոշիչները շատ մանկավարժներ չեն օգտագործում, իսկ որոշ մանկավարժներ նույնիսկ տեղեկացված չեն դրանց բովանդակության մասին: Իսկ Կրթակարգը, որը իրավական տեսանկյունից համարվում է գործող փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության արձանագրային որոշում, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո փաստացի չի կիրառվում: Փորձագետները դիտարկել են նաեւ 19 առարկայական չափորոշիչներ եւ ծրագրեր՝ հանրակրթության տարբեր աստիճաններում: Հետազոտվել է ավագ դպրոցում ընդհանուր, հումանիտար եւ բնագիտական դասարաններում դասաժամերի բաշխումը, որը ցույց է տվել, որ միջազգային միջին ցուցանիշներով բավական մեծ է ծանրաբեռնվածությունը, ինչը, սակայն, կրթության որակի տեսանկյունից արդյունավետ չէ:
Վերլուծության է ենթարկվել գնահատման գործող համակարգը, որպես խնդիր նշվել է, որ 1-ից 10 միավորանոց սանդղակում նվազագույն եւ առավելագույն նիշերը չեն կիրառվում:
Ներկայացվել են նաեւ առաջարկություններ, մասնավորապես տարրական եւ միջին դպրոցների տեւողությունների փոփոխման, ծրագրերի վերանայման եւ բեռնաթափման, ինչպես նաեւ հանրակրթության պետական չափորոշիչը կրթակարգով փոխարինելու, նոր կրթակարգ մշակելու վերաբերյալ:
Աշխատաժողովի արդյունքում որոշվել է, որ առկա հետազոտությունը վերջնական տեսքի կբերվի՝ հաշվի առնելով աշխատաժողովում կրթության փորձագետների կողմից հնչեցված կարծիքներն ու դիտողությունները:
Հանրակրթական պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի կարիքի գնահատման նպատակով իրականացված հետազոտության վերջնական եւ ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում:





























