Արարատի մարզում մեկ տարի առաջ «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով դատաքննությունը մարտի 18-ին կավարտվի եւ չի բացառվում, որ հենց այդ օրն էլ դատարանը որոշում կայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով ամբաստանյալ, «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանի փաստաբան Համբարձում Հարությունյանը:

«Մարտի 12-ին կայացած դատական նիստում միջնորդեցի, որ դատարանը քննի բժշկական կենտրոնի մյուս աշխատակիցների գործողությունները, սակայն միջնորդությունս մերժեցին: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 18-ին, որի ընթացքում էլ ամենայն հավանականությամբ դատավճիռը կհրապարակվի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ ամբաստանյալի ցանկությամբ դատաքննությունն անցկացվում է արագացված կարգով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանը 2015թ. մարտի 14-ին ժամը 20:55-ի սահմաններում գտնվել է միջին ծանրության աստիճանի ալկոհոլային հարբած վիճակում: Կարապետյանն Արտաշատի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայով երթեւեկել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհով: Հասնելով Բերդիկ գյուղի խաչմերուկին` իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն ու խաչմերուկ մուտք գործելիս` նախապես չհամոզվելով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհը զիջում է իրեն, ստեղծել է վթարային իրադրություն: Կարապետյանն իր ավտոմեքենայի աջ մասով ընդհարվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի ուղեւոր, Արտաշատի ԲԿ ՓԲԸ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մահը:

Հրաչիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: