Հայաստանում ավագ դպրոցները կազմակերպչական առումով կայացած են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Այս 7-8 տարիներին կազմակերպչական առումով մենք այնքան ենք կայացել, որ աշակերտը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից հասնում է կենտրոն, որտեղ իր ուզած ավագ դպրոցն է գործում: Մենք ահագին բարդ ճանապարհ ենք անցել, սակայն պարոն Մկրտչյանն (ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյան-խմբ) ասում է, որ բովանդակային առումով հետ ենք մնացել, դա պետք է զարգացնել»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսին ԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն իր դժգոհությունն էր հայտնել ավագ դպրոցների համակարգի վերաբերյալ, նշելով, որ այն չի կարողանում ինքնահաստատվել:
«Մենք պետք է թեթեւացնենք ավագ դպրոցների ծանրաբեռնվածությունը, որպեսզի նրանք դառնան աշակերտներին մասնագիտացում ձեռք բերելուն օգնող կենտրոններ։ Հենց նման ծանրաբեռնվածության պատճառով ծնողները չեն ցանկանում, որ երեխաները գնան ավագ դպրոց։ Փորձում են կենտրոնացնել ուշադրությունը մի քանի առարկաների վրա, որոնք պետք են լինելու բուհ ընդունվելիս»,- ասել է նախարարը:
Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ իհարկե, ավագ դպրոցներում անելիք շատ կա, իսկ ծանրաբեռնվածության խնդիրը հնարավոր է լուծել արդեն նոր չափորոշիչներով, որոնք ընթացքի մեջ են:
«Մենք ճանապարհ ենք բացում աշակերտի համար, մենք չենք ուզում բոլորին ավագ դպրոց բերել, ասում ենք՝ գտիր քո ճանապարհը, ընդունվիր քոլեջ, ուսումնարան, արհեստ սովորիր: Հենց սա է մեր նպատակը, որ օգնենք աշակերտին՝ գտնելու իր ուղին»,- հավելեց Հանրակրթության վարչության պետը:
Նշենք, որ ավագ դպրոցը Հայաստանում ներդրվել է 2008թ.-ին:
Կրթության ոլորտում կա 2 չկայացած կառույց՝ ավագ դպրոցներն ու մագիստրատուրան. Լեւոն Մկրտչյան





























