Ռուս-թուրքական առճակատման դեպքում Հայաստանը չի կարող չեզոք մնալ։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցելությանը՝ նա նշեց, որ Կրեմլը պետք է ցույց տար իր դաշնակցին։ «Մենք այլ ելք չունեինք։ Ես չեմ  կիսում այն կարծիքը, որ մենք կարող ենք չեզոքություն պահպանել ռուս-թուրքական առճակատման պարագայում։ Մենք Ռուսաստանի հետ օգնության եւ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրեր ունենք։ Հետեւաբար այդ աշխատանքային այցը ես դիտարկում եմ որպես Ռուսաստանի հետագա քայլերի հստակեցման ուղղված միջոց»,- ընդգծել է Պապյանը։

Նրա կարծիքով հայկական կողմը պետք է հստակ դնի հարցը, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանին պաշտպանելու գինը։ «Մեզ պետք է, որ Ռուսաստանը Հայաստանին պաշտպանի թուրքերի հարձակումից»,- նշել է Պապյանը եւ հավելել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ անմիջական ռազմական բախման հնարավորություն ինքը չի տեսնում։ Փորձագետի համոզմամբ Թուրքիան  այն երկիրը չէ, որը կելնի միջուկային տերության դեմ։