Հողազավթման եւ ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Գայի պողոտայի 8/2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել, ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալ հատվածի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվելու հանգամանքը՝ ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` 400 հազար դրամ տուգանքի չափով:

Վերջին օրերին համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում մայրաքաղաքի վարչական շրջաններում հայտնաբերվել եւ արձանագրվել են իրավախախտման 26 դեպքեր, որոնցից 16-ը զուգակցվել են քանդման աշխատանքներով:

Հիշեցնենք, որ ըստ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի, ապօրինաշինությունը կրկնելու պարագայում, անկախ հողամասերի սեփականության ձեւից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով:

Երեւանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները գործունեությունը ծավալում են պարզեցված աշխատակարգով, միաժամանակ հորդորում՝ մայրաքաղաքում որեւէ նոր շինարարություն ծավալելու միակ, օրինական ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է: