Ընտանիքի մեկ շնչի եկամուտը սպառողական զամբյուղից պետք է երկու անգամ ավելի լինի, սակայն Հայաստանում հակառակն է` սպառողական զամբյուղն է երկու անգամ ավելի եկամտից: Այս մասին այսօր` մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Սա արդեն ամեն ինչի մասին խոսում է, երբ սպառողական զամբյուղը երկու անգամ ավելի է, քան եկամուտը: Բայց չենք կարող հերքել, որ վերջին տարիներին մեզ մոտ սնունդն ու սպասարկման ոլորտն անհամեմատ աճել են, առաջընթաց կա»,-ասաց նա:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, որ Հայաստանում ընտանիքի մեկ շնչի եկամուտը 4 հազար դրամով նվազել է` 2014թ. կազմել է 44 հազար դրամ, իսկ 2015 թ.` 40 հազար դրամ:
«Երկրում աղքատությունը 2014թ. քաղաքացիների 55 տոկոսն է իենց վիճակը վատ գնահատել, 2015թ.` 60 տոկոսը: Այսինքն կարելի է ասել, որ աղքատությունը մնացել է նույն մակարդակի վրա»,-ասաց նա:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե Հայաստանում սպառողական զամբյուղը 45 հազար դրամ է կազմում, ապա տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների խախատումների դեպքում բարձր տուգանքների նշանակումը սխալ է:
«Էս դեպքում ոնց են խախտումների համար մինչեւ 3 հարյուր հազար դրմա տուգանք նշանակում: Սա խնդիր է, որը պետք է լուծվի, չի կարելի նման մեծ տուգանքներ դնել»,-ասաց նա:



























