Հայ ազգային կոնգրեսը չի բացառում համագործակցությունը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության հետ, եթե համագործակցության ընդհանուր կետեր լինեն:

«Կհամագործակցենք, թե ոչ, դա դեռ քննարկելու հարց է: Մենք միշտ էլ անկաշկանդ շփվել ենք, հիմա էլ կխոսենք՝ եթե ընդհանուր կետեր գտնենք համագործակցության, կհամագործակցենք»,- այսօր՝ մարտի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Հիմա ամենակարեւոր օրակարգը, որի շուրջ ոչ միայն նորատսեղծ կուսակցության, այլեւ ՀՀ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու եզր ունենք, ընտրական օրենսգրքի վերաբերյալ միասնական պահանջների պլատֆորմի ձեւավորումն է»,-ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա, միասնական պլատֆորմի մեջ պետք է ընդգրկվեն այն հարցերը, որոնց ընդունումը հեղափոխական առաջընթաց է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման տեսակետից:

«Հիմա մենք դրա շուրջ աշխատում ենք, շատ ինտենսիվ քննարկումների մեջ ենք քաղաքական ուժերի հետ, պատրաստ ենք այդ քննարկումներն իրականացնել նաեւ Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության հետ»,-ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Դիտարկանը, թե Օսկանյանի կողմից նոր ուժի ստեղծումը շատերը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Զուրաբյանն արձագանքեց. «Այդ կապի մասին խոսելն Օսկանյանի իրավունքն է: Մարտի 1-ի հետ կապված մեր բոլոր գնահատականներն ուժի մեջ են»:

Ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին Օսկանյանի կուսակցության հետ միասնական դաշինքով մասնակցելուն, Զուրաբյանն ասաց.  «Հանրաքվեից հետո մենք բավականին ինքնավստահ ենք եւ կարծում ենք, որ միայնակ էլ կարող ենք շատ մեծ արդյունքի հասնել, բայց դա չի նշանակում, որ բացառում ենք համագործակցություն որեւէ քաղաքական ուժի հետ: Ի վերջո համախմբումը բազմապատկում է հաղթանակի հնարավորությունները»: