Այս Սահմանադրությունն այնպիսի դաշտ է ստեղծում, որ քաղաքականության մեջ մնալու, քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար պետք է քաղաքական ուժով հանդես գալ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողներիհետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ կուսակցության ստեղծելուն:

«Ես այսօր տեղեկացրել եմ մեր խմբակցությանը, որ պարոն Օսկանյանը մեկ շաբաթ առաջ ինձ հետ զրույցում ասել է, որ ստեղծում է քաղաքական ուժ: Մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը եւ վստահ ենք, որ պարոն Օսկանյանի մոտիվացիաները ազնիվ են եւ վստահ ենք, որ այդ քաղաքական ուժի օրակարգը հանուն Հայաստանի ապագայի է»,-ասել է Զոհրաբյանը:

Նա ոչ մի խնդիր չի տեսնում, որ ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ տեղ կգտնեն Օսկանյանի կուսակցությունում՝ Էլինար Վարդանյան,Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան: «Մեր գործընկեր Վահե Հովհաննիսյանը եւ Ստեփան Մարգարյանը ԲՀԿ-ի անդամներ չեն եղել, ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին, ես չեմ բացառում, որ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը լինեն այդ կուսակցության անդամ: Էստեղ եւս որեւէ հատուկ ինտրիգ փնտրել պետք չէ, նկատելի էր, որ մեր երեք գործընկերները խմբակցության աշխատանքներում իրենց ներկայությունը պասիվացրել էին»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա վտանգ չի տեսնում, որ Օսկանյանի կուսակցությունը կարող է իրենց ընտրազանգվածի վրա բացասաբար ազդել. «Ցանկացած քաղաքական ուժի մենք դիտում ենք առողջ մրցակից, իսկ ապագայում հնարավոր համագործակցության ֆորմատների վերաբերյալ այս պահին վաղ է խոսելը»:

Նշենք, որ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ նախկին անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է կուսակցություն ստեղծելու իր մտդրության մասին: Նա, սակայն, առաժմ ձեռնպահ է մնում նշել, թե ովքեր կլինեն իր կուսակցության անդամներ: