Յուրաքանչյուր պաշտոնաթող նախագահ իրավունք ունի իր քաղաքական ծրագրերը որոշելու: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության միջոցով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն:
«Մեզ մտահոգում են շատ ավելի լուրջ բաներ, օրինակ սոցիալ-տնտեսական իրավիճակը, Ցեղասպանության ճանաչումը, հայ-ռուսական, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը: Թե երկրորդ նախագահի, թե առաջին նախագահի, թե բոլոր քաղաքական գործիչների վերաբերյալ մենք չունենք որեւէ խնդիր եւ ես էլ ձեզ հորդորում եմ, որ քաղաքական պայքարը չտանեք անձերի պայքարի, մենք դեմ ենք անձերի պայքարին»,-ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ իրեն հայտնի է միայն, որ Վարդան Օսկանյանը հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: «Վարդան Օսկանյանի քաղաքական գաղափարախոսության, քաղաքական թիմից ես տեղյակ չեմ, տեղյակ եմ միայն նրանից, որ նա հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: Բայց, թե ինչով է Օսկանյանի ստեղծած քաղաքական ուժը տարբերվելու Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, կամ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, չեմ կարող ասել: Ես պատրաստ չեմ խոսել մի բանից , որի մասին կարծիք չունեմ: Ինձ միայն հայտնի է, որ Օսկանյանն ընդդիմադիր կեցվածք ունի, քննադատում է, բայց որպես շարքային ընտրող ինձ համար պարզ չէ՝ ինչպիսի քաղաքական օրակարգով է գալու եւ ինչպես է իր ընդդիմադիր կեցվածքը տարբերվելու այլ ընդդիմադիրներից»,-ընդգծել է Շարմազանովը:
Ինչ վերաբերում է իշխանափոխության պահանջին, եւ ԲՀԿ-ի հետ կապված սցենարի կրկնությանը, երբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժումը հրապարակում համախմբել էր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Իշխանափոխության պահանջը նախկինում էլ է դրվել, ապագայում էլ կդրվի, անկախ նրանից ՝ ով է իշխանություն: Բնական է, ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունն՝ աշխատի: Կոնկրետ ինձ համար ամեն գնով իշխանություն պահելը նպատակ չի, դրա համար էլ բարեփոխում ենք ընտրական օրենսգիրքը, որպեսզի ունենանք արդյունքներ, որոնք համահունչ կլինեն քաղաքացու քվեարկությանը: Հո, մենք ավտորիտար եւ տոտալիտար երկրում չենք ապրում, որտեղ առավոտից իրիկուն պետք է միայն Հանրապետականը կառավարի»:




























