Հայաստանի էներգետիկայի դեմ ռուս-ամերիկյան գործարք է կնքվել: Այդ մասին մարտի 14-ին խորհրդարանում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքային ծրագրի քննարկմանը  հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշել է, որ 2013 – 2015 թթ-ին «Հայաստանի էլեկտրացանցերը» էներգիա արտադրող ընկերություններին պարտք է մնացել  23,5 մլրդ դրամ: Այնուամենայնիվ, ռուսաստանյան կապիտալով  կայաններին (Հրազդանի ՋԷԿ-ին, «Հրազդան-5»-ին, Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ին) եւ ամերիկյանին (Որոտանի կասկադ) «Էլցանցերը» ոչ մի կոպեկ պարտք չեն մնացել: Գործնականում ամբողջ ծանրությունը կրել են հայկական կապիտալով ընկերությունները:  Նշված պարտքի 85 տոկոսը մնացել է Հայկական ԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի վրա, եւս 13 տոկոսը` մասնավոր փոքր ՀԷԿ-երի: 

«Միջազգային աուդիտի համաձայն, հայ սպառողներն ԱՊՀ-ում էլեկտրաէներգիայի համար ամենաբարեխիղճ վճարողներն են: Հաշիվների հավաքելիությունը   94 տոկոս է. Համագործակցության ոչ մի երկրում նման ցուցանիշներ չկան: Եվ ստացվում է, որ մեր փողը հավաքում են եւ տալիս են ռուսաստանյան եւ ամերիկյան ընկերություններին, իսկ հայկականները թող գլխի ճարը տեսնեն», - վրդովվել է Փաշինյանը:

Նրա խոսքով, 2013 – 15 թթ-ին, երբ էլեկտրաէներգիան թանկացել է նախ  8 դրամով, հետո`  4, հետո` եւս 6,93, Հայաստանում դրա համար լրացուցիչ    50 – 55 մլրդ դրամ են վճարել   (մոտ 110 մլն դոլար): «Եվ դրանից հետո մեր պաշտոնյաները թիկունք են ծռում   «Ինտեր ՌԱՕ»-ի եւ Հայաստանում նրա ներկայացուցիչների`  «Էլցանցերի» տխրահռչակ տնօրենի` Բաբինի առաջ եւ ասում են, կարելի՞ է` մենք ոչ թե  17 դրամով բարձրացնենք, այլ`  7:  Փաստացիորեն մեր իշխանությունները տեղի են տալիս ռուս-ամերիկյան գործարքին», - հավելել է Նիկոլ Փաշինյանը: