Ես միշտ էլ ակտիվ եմ եղել, պասիվները թող մտածեն: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ընտրություններից մեկ տարի առաջ ՀՀԿ-ական պատգամավորների ակտիվանալու անհրաժեշտությանը, որպեսզի հայտնվեն իշխող կուսակցության համամասնական ընտրացուցակում:
Հարցին, թե հաջորդ խորհրդարանում իրեն տեսնո՞ւմ է, Սարոյանը պատասխանեց. «Եթե մեծամասնականով լիներ՝ կասեի: Բայց հիմա որ կուսակցությունն է որոշելու, ում կորոշի, թող ինքն էլ դառնա: Որ դնեն ռեյտինգային քվեարկության, կերեւա՝ ամենաուժեղն ով ա»:
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ նոր խորհրդարանն ավելի որակյալ կլինի:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծին, նա նշեց. «Ինչ էլ անեք, ընդդիմությունը մեկ ա, պիտի դժգոհ լինի: Էդ էկել ա էն հնուց, էդպես էլ կգնա: Ի՞նչ զիջում անենք ընդդիմությանը: Հիմա որ դու գնում ես ընտրության, որ Սեյրանի փոխարեն Պողոսին ընտրես: Քո ձեռքն ո՞վ ա բռնել: Դե, գնացեք ում ուզում եք ընտրեք: Էդ սաղ սուտ բան ա: Ասում են՝ կաշառք տվին, էս արին: Տվին՝ վերցա, ոչ էլ ատկազ արա, համ էլ տնեցիքին օգուտ կտաս, բայց գնա ում հավանում ես, նրան էլ ընտրի: Էտի կաշառք չի, հաշվենք նվեր ա: Դու էլ ոնց որ «օբեխեզե»-ի աշխատող ըլնես:
Նորից եմ բացատրում, որ մտնում ես ընտրախցի մեջ, քեզի ո՞վ կարա ստիպի: Ո՞վ իմացավ, դու ընդե ինչ ես անում»:





























