Արմանիսի հարստացման ֆաբրիկայի աշխատակիցները պահանջում են իրենց երկու ամսվա հարկադիր պարապուրդի գումարներն ու վերջնական պատասխան՝ արդյոք գործարանն աշխատելու է, թե ոչ: Ֆաբրիկայի 150 աշխատակիցներ այսօր՝ մարտի 14-ին գործարանի բակում այս պահանջով բողոքի ակցիա անցկացրին:
Բողոքող աշխատակիցներին մոտեցավ Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ընկերության տնօրեն Դմիտրի Պուշկովը: Նա պարզաբանեց, որ աշխատավարձերը չվճարելու պատճառը գործարանի սառեցված հաշիվներն են, որոնք կալանքի տակ են դրվել Ֆինանսների նախարարության որոշմամբ: Սառեցման պատճառը, ըստ տնօրենի, 2015թ. ամռանը իրականացված հարկային ստուգումներն են:
Դմիտրի Պուշկովի խոսքով՝ ընկերությունը չհամաձայնվելով կայացված ակտի հետ, դիմել է դատարան, մինչդեռ ֆինանսների նախարարությունը, չսպասելով դատարանի վճռին, սառեցրել է ընկերության հաշիվները:
«Ընկերության տնօրինությունը խնդրանք-նամակներ է ուղարկել հարկային տեսչություն, Ֆինանսների նախարարություն, ինչպես նաև նախարարի գրասենյակ, որպեսզի թեկուզ որոշ ժամանակով կալանքը դադարեցնեն, աշխատավարձերը վճարենք, սակայն պատասխանը բացասական է եղել»,- ասաց նա: Տնօրենը նշեց, որ հարցականի տակ է դրված գործարանի հետագա աշխատանքը, առաջիկայում կրճատումներ կլինեն:





























