Սպասվող ցրտերին ընդառաջ ՀՀ գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս դիմել ավանդական մեթոդի՝ այգիները պատել կայուն ծխածածկույթով:
Այս առնչությամբ գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` ս.թ. մարտի 18-ի եւ 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2... -3, հողի մակերեւույթին` -4...-5 աստիճան ցուրտ:
Ներկայումս Արարատյան հարթավայրում եւ Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռել են կեռասենու, դեղձենու եւ այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի ցածրադիր հատվածներում ծաղկել են նշենին, վաղահաս դեղձենին, սալորենու որոշ տեսակներ եւ այլն:
Նշված ջերմաստիճանային ռեժիմի գրանցման դեպքում կարող են վնասվել ծաղկած այգիները, մասամբ` նաեւ ծառերի ուռչած բողբոջները:
Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին` այգիների հարակից ճանապարհների վրա քամու ուղղությամբ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, ծառի ճյուղերի, արքադի, աթարի եւ այլ այրվող նյութերի կույտեր եւ գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ 00 C-ի` այրել (ծխեցնել) նշված կույտերը` ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչեւ առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը եւ այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի խորհուրդ է տրվում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում` ապահովելով դրական ջերմաստիճանային պայմաններ:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների վերաբերյալ նոր եւ առավել ճշտված տեղեկատվություն ստանալու դեպքում նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:




























