ԴԱՀԿ ծառայությունը կատարում է ընդամենը հերթական փնթի օրենքի պահանջը, երբ քաղաքացիների պարտավորությունների դիմաց աճուրդի է հանում նրանց անձնական օգտագործման մի շարք իրեր: Այս մասին հայտարարություն էտարածել «Առաքելություն» կուսակցությունը:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
«Վերջին օրերին հանրության քննարկման եւ արդարացի դժգոհության առարկա է դարձել ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների պարտավորությունների դիմաց անձնական օգտագործման մի շարք իրեր աճուրդի դնելու փաստը:
Մասնավորապես, աճուրդի են դրված մի քանի հազար դրամանոց մանկական զուգարանակոնք, սուրճի բաժակներ, ափսեներ, խաղալիքներ: Նշվածը կրում է պարբերական բնույթ:
Ակնհայտ է, որ նշված գույքերի վաճառքը որեւէ էական արդյունք չի տալու պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարման հարցում, միեւնույն ժամանակ այդ ամենի կազմակերպումը պետական աշխատողների աշխատավարձային եւ ժամանակային ռեսուրսի անտեղի վատնում է:
Առաքելություն կուսակցությունը փաստում է, որ նշվածը վառ օրինակ է պետական համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաեւ պետության կողմից քաղաքացիների սոցիալական պաշտպանության ոտնահարման:
Միեւնույն ժամանակ, նշվածը կառավարության եւ խորհրդարանի հերթական փնթի աշխատանքի արդյունք է, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը կատարում է ընդամենը հերթական փնթի օրենքի պահանջը:
Առաքելությունը կուսակցությունն առաջարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի «Կատարողական վարույթ հարուցելը» 30-րդ հոդվածում կատարել լրացում, համաձայն որի. Ֆիզիկական անձ հանդիսանող պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող անձնական օգտագործման գույքի կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ գույքի ընդհանուր արժեքի մինչեւ 1.000.000 դրամի չափով:





























