Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ մարտի 14-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաեւ  հորդորել վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները:

«Առեւտրի վարչությունն այդ ընկերության գործունեության վերահսկողն է ու ձեր գործառույթների շրջանակում է պարզել, թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: Եթե «Յունիգրաֆ-իքս»-ը խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնեն հանրությանն ու պաշտպանեն իրենց շահերը, հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է», - ընդգծել է քաղաքապետը: