ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մարտի 14-ին հայտնել է, որ ՌԴ-ն եւ Իրանը համաձայնության են եկել 1400 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների ստեղծման հարցով եւ բանակցում են Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով երկու երկրների միջեւ էլեկտրացանցեր անցկացնելու շուրջ։
«Պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։ Նախագծի իրականացումը կսկսվի մոտ ժամանակներս»,- մեջբերում է նախարարի խոսքը Sputnik գործակալությունը։
Ինչպես գործակալությանը հայտնել են Իրանի էներգետիկայի նախարարությունում աղբյուրները, «ՋԵԿ-ի մասին վերջնական որոշումը կստորագրվի այս շաբաթ»։
ՌԴ էներգետիկայի նախարարը մարտի 14-ին Թեհրանում հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանի հետ։ Հանդիպման ավարտին Նովակը նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կարող է ընդլայնվել, որոնց թվում՝ նավթային, գազային, էներգետիկ եւ գյուղատնտեսության ոլորտում։
«Մենք էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր ձեւի հասնելու շուրջ բանակցությունների փուլում ենք»,- ասել է Նովակը։




























