Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ապրիլի 9-ին համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:

«Համաքաղաքային ծառատունկերն ու շաբաթօրյակները հրաշալի առիթ են` մեր համաքաղաքացիներին համախմբելու եւ բոլորով միասին քաղաքի կանաչապատմանն ու մաքրությանը մասնակցություն ունենալու համար: Վերջին տարիների փորձը նաեւ ապացուցել է, որ մեր բնակիչներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին եւ տարեցտարի ավելի շատ մարդիկ են մասնակցում: Նաեւ նկատել եմ, որ յուրաքանչյուրն ավելի սրտացավ է դառնում իր տնկած ծառի, թփի նկատմամբ, ինչն իսկապես ողջունելի է: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր մյուս համաքաղաքացիներին, պետական ու հասարակական կազմակերպություններին եւս կոչ եմ անում ակտիվ մասնակցել ապրիլի 9-ի ծառատունկ-շաբաթօրյակին»,- նշել է քաղաքապետը:

Հանձնարարվել է գույքագրել եւ որոշակիացնել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է կազմակերպել ծառատունկերը, այդ թվում նաեւ բոլոր այն հատվածները, որոնք, նախորդ տարվա աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված, վնասվել են: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է գարնանային ծառատունկերի եւ շաբաթօրյակների շրջանակում մշտական ուշադրության կենտրոնում պահել Ծիծեռնակաբերդի լանջի եւ Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաեւ բարեկարգման աշխատանքներ տանել Հաղթանակ եւ Օղակաձեւ զբոսայգիներում: Կանաչապատման գործընթացի շրջանակում հանձնարարվել է ոռոգման սեզոնին ընդառաջ նաեւ ցանցի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ տանել: