Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ եւ լսել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ներկայացրել ենք մեր դիտարկումները Ընտրական օրենգրքի հետ կապված, թե ինչ խնդիրներ կան ՀՀ-ում ընտրական համակարգում, արդեն 20 տարի»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է այս օրերին քննարկվող, ընդդիմության ամենագլխավոր պահանջին՝ քվեարկված ընտրացուցակների հրապարակմանը, որը Վենետիկի հանձնաժողովի սահմանված կարգով արգելվում է, Մարուքյանն ասաց՝ դրան եւս անդրադարձ եղել է։
«Նրանք լսեցին ու արձանագրեցին՝ ինչ մենք ասացինք։ Տարբերակներ կան, որոնք քննարկվում են։ Օրինակ, պետք է գոնե տարբերակ լինի, որ վստահված անձինք երկար ժամանակ ունենան այդ ցուցակներից պատճենահանելու, ոչ թե արտագրելու, այլ պատճենահանելու»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այլ հարցեր էլ են քննարկվել։
Նշենք, որ վաղը Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպելու են խորհրդարանական խմբակցություններին։





























