Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ կյանքը պետբյուջեից ավելի կարեւոր է: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր, էկոնոմիկայի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` ներկայացնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ԵԱՏՄ-ի հանրապետություններից անձնական օգտագործման մեքենաների  (տարեկան 1-ից ոչ ավելի) ներմուծման դեպքում ֆիզիկական անձանց կազատի ԱԱՀ-ից:    

Այդ կապակցությամբ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտնել է, որ ԱԱՀ-ով մեքենա ներմուծած քաղաքացիներին անհրաժեշտ է վերադարձնել մուծած հարկը:   «Պետությունը պիտի փոխառություն ձեւակերպի, որը հետո կվճարի», - հայտնել է Բագրատյանը: 

Նա նշել է, որ երբ դեռեւս անցյալ տարի առաջարկում էր չեղյալ համարել ԱԱՀ-ն, Ֆինանսների նախարարության  ներկայացուցիչներն ասում էին, որ չեն կարող նման բան անել բյուջետային միջոցների չհավաքման վտանգի պատճառով: 

«Անձամբ ինձ համար, եթե իմ կարծիքը հարցնեք, մեր քաղաքացիների կյանքի արժանապատիվ մակարդակն ավելի կարեւոր է: Այնպես որ կարող ենք քննարկել», - հայտնել է Այվազյանը: