Ուժեղ մրցակցություն կար քաղաքական դաշտում մինչեւ Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու հայտարարությունը, մրցակցության պակաս չի նկատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Թող լինի մրցակցություն, եւ քաղաքացիները թող ընտրեն այն ուժին, որին կուզեն տեսնել, այստեղ խնդիրը մրցակցության մեջ չէ, այլ ընտրողի ձայնը հաշվելու մեխանիզմի։ Կձեւավորվի, կտեսնենք՝ ինչ ուժ է Վարդան Օսկանյանի ստեղծած ուժը, ինչ ուղղվածության։ Հիմա որն էլ ստեղծվի, ընդդիմադիր կեցվածքով է լինելու, որովհետեւ իշխանության մեջ չի ստեղծվում ուժը, այս առումով պետք է սպասել տեսնել՝ ինչ ծրագրեր ու թիրախներ ունեն»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Քոչարյանի առնչությանը նորաստեղծ կուսակցությանը՝ Մարուքյանը ձեռնպահ մնաց առայժմ գնահատականներ տալ։
Էդմոն Մարուքյանը վստահ չէ, որ նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի կուսակցությունը միանշանակ կարժանանա ընտրողի վստահությանը․
«Կարծում եմ՝ շատ հարցադրումներ կառաջանան, թե այն տարիներին, որ Օսկանյանը եղել է իշխանության մեջ, ինչ դիրքորոշումներ էունեցել տարբեր հարցերի վերաբերյալ , բնականաբար, դրանք խնդիրներ են լինելու»։
Ինչ վերաբերում է Օսկանյանի այն բացատրությանը, թե իր իշխանության շրջանը պետք չի սեւացնել, եղել են նաեւ դրական քայլեր արտաքին քաղաքականության եւ տնտեսական ոլորտներում, Էդմոն Մարուքյանը հակադարձեց․ «Արտաքին քաղաքականության մասով չէի ասի, որ ժողովուրդը գոհ է եղել։ Հայաստանը այդ տարիներին իր ամենամեծ գործարանները գույք պարտքի դիմաց ձեւաչափով հանձնել է Ռուսաստանին, չեմ կարծում, որ դա լավ գործարք է եղել, չեմ կարծում, որ «Գազպրոմին» այդքան լիազորություններ տալը, որ վերջին հաշվով կորցրեցինք գազամատակարարման հայկական ցանցը, Հրազդանի ՋԷԿ-ի գործարքը չեմ կարծում, որ լավ գործարք են եղել, չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության առումով լավ իրավիճակներ ենք ունեցել։ Ասել, որ արտաքին ու տնտեսական ուղղվածությունը, լավ է եղել, ես լուրջ վերապահում ունեմ»։
Պատգամավորն ընդգծեց, որ հասարակությունը այս հարցերը տալու է, երբ կուսակցությունը սկսի գործել։





























