Ռուսաստանի դեպքում բարդ է խոսել ծրագրավորված քայլերի մասին, ամենայն հավանականությամբ, խոսքը իմպրովիզացիայի, իրավիճակից ելնելով կատարվող քայլերի մասին: Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հրամանը՝ մարտի 15-ից ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին:

Փորձագետի խոսքով, Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացումը զգալի չափով անկանխատեսելի է եւ կախված է բազմաթիվ արտաքին գործոնների հետ: Միաժամանակ նա արձանագրել է, որ, այդ քայլով Ասադի ուժերը զգալիորեն կթուլանան: Սակայն Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում հետագա գործողություններ ձեռնարկել, հաշվի առնելով, որ Սիրիայում մնում է իր հիմնական ռազմակայանը:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թիվ 75 բանաձեւին, որով «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ասորիների, ազգային փոքրամասնությունների՝ եզդիների եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործությունները որակել է ցեղասպանություն, ռուս քաղաքագետը նշել է, որ այս փուլում այդ փաստաթուղթը կրում է հռչակագրային բնույթ: «Իրավիճակը Սիրիայում ցույց է տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարը ոչ մեկին չի հուզում: Ավելին, որոշ «մարտիկներ», օրինակ Թուրքիան եւ արաբական երկրները, մասնակից են ահաբեկչության ստեղծմանը: Ուստի այդ փաստաթուղթը, ինչպես ասում են, չարժե անգամ այն թուղթը, որի վրա գրված է»,-ընդգծել է նա: