Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին անսպասելի հայտարարություն էր արել այն մասին, որ Սիրիայից դուրս է բերում ռուսական զինված ուժերի մեծ մասը՝ ասելով, որ իրենք ակտիվացնելու են ՄԱԿ միջնորդությամբ ընթացող խաղաղ կարգավորման բանակցությունները, փոխանցում է Reuters-ը։
Դամասկոսը հերքում է Մոսկվայի հետ առկա տարաձայնությունների մասին ցանկացած ենթադրություն։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է տվել ռուսական զորքերի քանակակազմի կրճատմանը։
Գործակալությունը հայտնում է, որ արեւմտյան դիվանագետները ենթադրում են, որ Պուտինը կարող է ճնշում գործադրել Ասադի վրա ռազմական հակամարտության խաղաղ լուծում ընդունելու համար, թեպետ ԱՄՆ պաշտոնական անձինք դեռեւս ոչ մի նշան չեն տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է դուրս բերել իր զորքերը։
Սիրիայի ընդդիմությունը կասկածներ է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, թե ոչ ոք չգիտի, թե ինչ կա Պուտինի մտքին։
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի միջամտությունը օգնել է բեկել Սիրիայում տիրող իրավիճակը հօգուտ Ասադի։
«Ռուսական ուժերը նշանակալիորեն կատարել են Սիրիայում իրենց խնդիրը»,- հայտարարել էր Պուտինը, սակայն չէր նշել զորքերի դուրսբերման վերջնաժամկետը, մեջբերում է Reuters-ը։ Բացի այդ, Լաթաքիայի նահանգում մնալու է ռուսական ծովային նավատորմն ու ավիաբազան։
Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 14-ին հեռախոսազրույց էին ունեցել Սիրիայի հարցով։ Երկու առաջնորդները կոչ էին արել ակտիվացնել հակամարտության քաղաքական կարգավորումը։





























