Երեւանի Սարի թաղում մարտի 13-ի երեկոյան անչափահասի սպանության ելքով դանակահարության կասկածանքով կա երկու ձերբակալված: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Մարտի 15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել եղբայրներ՝ 26-ամյա Դավիթ եւ 25-ամյա Նարեկ Պետրոսյանները: Նրանք խոստովանել են, որ մասնակցել են դանակահարությանը նախորդած վիճաբանությանը, իսկ դանակահարությունը կատարել է Դավիթ Պետրոսյանը:
Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ մարտի 13-ին ժամը 21-ի սահմանում Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, այն վերածվել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ, 17-ամյա Արմեն Բաղդասարյանը մահացել է:
Վիրավորներն են Ռոբերտ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Սերգեյ Օսիպովը, բոլորը ծնված 1998թ.: Տուժած երեք երիտասարդները, որոնք ստացել էին կրծքավանդակի եւ կոնքի կտրած-ծակած վերքեր, արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):



























