Սոցիալականն այն ոլորտն է, որտեղ պետությունը մեծ փողեր է ծախսում, բայց արդյունքը քիչ է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԵՊՀ-ում հրավիրված «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» խորագրով գիտաժողովի ժամանակ նշել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքով, պետք է մարդկանց կրթել, առողջ պահել, որպեսզի նրանք աշխատեն ու չհայտնվեն սոցիալական պաշտպանության համակարգի ոլորտում:
«Մենք ժառանգել ենք վատ սոցիալական ապահովության համակարգ, որտեղ ամբողջ նպատակը եղել է նախ՝ քաղաքական ցուցադրությունը, հաջորդը՝ մարդկանց հետ խոսել են հետեւյալ լեզվով՝ դու չես կարող, ահա քո բաժին քիչ փողը վերցրու եւ ձայնդ կտրի. սա է եղել հոգեբանությունը»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ հիմա իրենք փորձում են դուրս գալ այդ հոգեբանությունից:
Նրա խոսքով, պետությունը պետք է ունենա սոցիալական աշխատող, որպեսզի կարողանա համայնքներում օգնել եւ հոգ տանել այն մարդկանց մասին, որոնք ունեն առաջնային օգնության կարիք:



























