ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանը բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Էդիկ Սերգոյանը տեղեկացել է, որ Դ. Գ.-ին առեւանգելու համար ոստիկանների կողմից որոնվող իր ծանոթ Գեւորգ Ս.-ն 2015թ. հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ինքնակամ ներկայացել եւ նույն օրը մինչեւ ժամը 23:00-ն գտնվում է ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքում, վերջինիս ապօրինի պահվելու հնարավոր հանգամանքը պարզելու նպատակով, ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է հիշյալ բաժանմունք եւ տեղում պարզել, որ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն, իսկ Մարաշի բաժանմունքում Գեւորգ Ս.-ն ոչ թե ապօրինի է պահվում, այլ իր կամքով այնտեղ է գտնվում քննիչի կանչով` հարցաքննության ու մյուս քննչական գործողություններին մասնակցելու նպատակով: Սրանով հանդերձ, Է. Սերգոյանը, այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է իր ծանոթին երկար պահելու մեջ:
Այնուհետեւ Է. Սերգոյանը հիշյալ բաժանմունքի բակում հանդիպել է ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանին, եւ վերջինիս պարզաբանումներն անտեսելով` բարձրաձայն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել նաեւ նրա հասցեին: Կ. Գրիգորյանը պահանջել է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար մտնել բաժանմունքի վարչական շենք, սակայն Է. Սերգոյանը դիմադրել է` քաշքշուկի մեջ մտելով նրա հետ:
Ավագ քննիչը, հիշյալ բաժանմունքի վարչական շենքում, լսելով, որ Կ. Գրիգորյանն իրեն ներկայացնելու է սթափության վիճակի ստուգման, բռունցքով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանին հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:



























