ԼԴՊՌ –ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համաձայն չէ Սիրիայից ՕՏՈՒ զորքերի հիմնական խմբավորումը դուրս բերելու որոշման հետ, համարելով, որ այն վաղաժամ է:
Նա Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատել է աֆղանստանյան իրադարձությունների հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
« Աֆղանստանի դեպքում ո՞րն էր սխալը: Պետք էր ոչ թե զորքերը դուրս բերել, այլ էլի զորքեր ավելացնել ու առաջ շարժվել դեպի Պակիստան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ»,- ասել է Ժիրինովսկին:
ԼԴՊՌ-ի առաջնորդը կոչ է արել ճիշտ կանխատեսումներ անել Սիրիայի շուրջ իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ: «Ես իհարկե հասկանում եմ, որ կարելի է նախ հանել զորքերի փոքր մասը, իսկ հետո նորից մտցնել, բայց մեզ անպայման ռազմական գործողությունների թատրո՞ն է պետք»,- ասել է Ժիրինովսկին:
Նա շեշտել է այն հանգամանքը, որ ռուսական զորքերը դեռ Սիրիայից դուրս չեն եկել, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «արդեն քննադատում է, որ այնտեղ շատ աշխուժացել են սիրիական բանակի գործողությունները»: «Իսկ հենց մենք զորքերը հանենք, սիրիական բանակն առհասարակ կոչնչացնեն, ու այսպես կոչված հայրենասիրական ուժերը կգրավեն Դամասկոսը»,- կանխատեսում է քաղաքական գործիչը:
Եթե իրավիճակն այսպես զարգանա, ապա արդեն ոչ ոք ռուսական զորքերին նորից Սիրիա չի կանչի՝ վստահ է նա: «Մեզ այսօր Բաշար Ասադը պետք է մեր զորքերի այնտեղ գտնվելու լեգիտիմությունն ապահովելու տեսակետից»,- համարում է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մարտի 15-ից սկսել ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասի դուրս բերումը Սիրիայից:





























