Սարի թաղում մարտի 13-ին 6 անձի դանկահարությամբ ավարտված վիճաբանությունը, ըստ նախնական տվյալների, սկսել է անիմաստ խոսակցություններից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով ձերբակալվածներ Նարեկ Եւ Դավիթ Պետրոսյանների պաշտպան Սուսաննա Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ եղբայրները վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել եւ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

«Իրենց ծեծել են գլխի, այտոսկրի շրջանում վնասվածքներ ունեն, մյուսի գլխի արնահոսող վերքով եւ տեղափոխել է հիվանդանոց: Մի շարք այլ վնասվածքներ էլ կան, որոնք դեռ բժշկական զննությամբ կարձանագրվեն»,-ասաց փաստաբանը:

Սուսաննա Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալները միայն ապաքինվելուց հետո կկարողանան ցուցմունք տալ, իսկ նախնական ցուցմունքում Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ ինքը կապ չունի այն ամենի հետ, ինչում իրեն կասկածում են:

«Դավիթը դեռ մանրամասն ցուցմունք կտա: Ինքն էլ չի ընդունի իր մեղքը, որովհետեւ նա դիտավորություն չի ունեցել ոչ մեկին կյանքից զրկելու, ուղղակի դա վիճաբանության ընթացքում է եղել»,-ասաց Սուսաննա Սարգսյան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Սարի թաղում մարտի 13-ի երեկոյան անչափահասի սպանության ելքով դանակահարության կասկածանքով կա երկու ձերբակալված: Մարտի 15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել եղբայրներ՝ 26-ամյա Դավիթ եւ 25-ամյա Նարեկ Պետրոսյանները: Նրանք խոստովանել են, որ մասնակցել են դանակահարությանը նախորդած վիճաբանությանը:

Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի՝ մարտի 13-ին ժամը 21-ի սահմանում Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, այն վերածվել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ, 17-ամյա Արմեն Բաղդասարյանը մահացել է:

Վիրավորներն են Ռոբերտ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Սերգեյ Օսիպովը, բոլորը ծնված 1998թ.: Տուժած երեք երիտասարդները, որոնք ստացել էին կրծքավանդակի եւ կոնքի կտրած-ծակած վերքեր, արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):