Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով երկու կարեւոր վկաները` Արամ Արամյանն ու Գրիգոր Գրիգորյանը, կհարցաքննվեն դռնփակ նիստում: Նման որոշում այսօր` մարտի 15-ին, կայացրեց Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաննեի ընդհանուր իրավասության դատարանը:

Մեղադրողը միջնորդեց, որպեսզի գործով երկու վկաների հարցաքննության ընթացքում ներկա չլինի նաեւ պաշտպանական կողմը, սակայն Սեդրակ Զատիկյանի սպանության գործով պատվիրատու լինելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը առարկեց, նշելով, որ անհարժեշտ է, որպեսզի փաստաբանը եւ ամբաստանյալը ներկա գտնվեն վկաների հարցաքննությանը:

Ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը մեղադրողի այս միջնորդության հետ եւս համաձայն չէր, նա տեղից առարկելով դիմեց դատարանին. «Ոնց կլնի, առանց մեզի հարցաքննեն»:

Դատարանը որոշում կայացրեց վկաներ Արամ Արամյանի եւ Գրիգոր Գրիգորյանի հարցաքննությանը թույլ տալ մասնակցել ամբաստանյալ Նարկե Խաչատրյանին եւ նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանին:

Լրագրողների հետ զրույցում Վարդուհի Էլբակյանը նշեց, որ այդ երկու վկաների նկատմամաբ պաշտպանության միջոց է կիրառվել դեռեւս նախաքննության ընթացքում:

«Այդ երկու վկաների նկատմամաբ պաշտպանության միջոց է կիրառվել դեռ նախաքննության ընթացքում` մասնավորապես, որպեսզի տեանելի չլինեն հարցաքննության ենթարկվող անձինք»,-ասաց նա:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին` դռնփակ:

Նշենք, որ ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին հայտնաբերել են այս տարվա մայիսին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:

Գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին է, որն ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել է Արսեն Առուշանյանին, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արսեն Առուշանյանը Նարեկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակում է, եւ կալանավայրում արտագնա նիստում կհարցաքննվի։