Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ մարտի 15-ին, վարույթ է ընդունել լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր):
«Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները պահանջում են նրան պատասխանատվության ենթարկել՝ լրագրողներին վիրավորելու, հայհոյելու համար:
«Ընդունեցինք վարույթ, քանի որ մերժման համար իրավական որեւէ հիմք չկար: Որոշումը կկայացնենք 30 օրվա ընթացքում»,- Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է հանձնաժողով նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով, պայմանավորվել են, որ անպայման կհրավիրեն կողմերին՝ սկզբից լրագրողական 3 ՀԿ-ներին՝ հիմնավորումներն ու փաստարկները լսելու համար, ապա նաեւ՝ պատգամավորին:
Հարցին, թե ինչու են որոշել առանձին լսել այդ կազմակերպություններին, Խոսրով Հարությունյանն արձագանքելն է. «Քանի դեռ հանձնաժողովի նախագահ եմ, ես երբեւէ թույլ չեմ տա, որ այս հանձնաժողովը վերածվի դատարանի: Խնդրում եմ՝ դուք այդ հանգամանքը հաշվի առեք: Ես որեւէ պատգամավորի նկատմամբ դատավորի կեցվածք չեմ կարող ունենալ»:
Նա նշել է, որ դեռ այդ հարցով զեկուցող չի նշանակվել: «Հանձնաժողովի երկու անդամները՝ Թեւան Պողոսյանն ու Հովհաննես Մարգարյանը բացակայում էին: Նրանց հետ խորհրդակցությունից հետո կորոշենք»,-ասել է Խոսրով Հարությունյանը:
Նշենք, որ լրագրողական երեք կազմակերպություններ՝ «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները դիմել են ԱԺ Էթիկայի հանձնաժողովին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Ա1+» հեռուստաընկերության տեսանյութը:
Մհեր Սեդրակյանը փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:





























