Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները, որոնք այսօր՝ մարտի 15-ի կեսօրից փակել էին Երեւան-Մեղրի ավտոճանապարհը, բացել են այն, երթեկությունը վերականգնվել է:
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ Քաղցրաշենի գործարանում խաղողի մթերումներ իրականացրած «Վինար» ընկերության սեփականատերը խոստացել է մարտի 25-ից մինչեւ ապրիլի 15-ը վճարել գյուղացիներին մթերված խաղողի բերքի դիմաց:
«Հանդիպեցինք գյուղացիների հետ, գործարանի սեփականատերն էլ էր ներկա: Փոխադարձ պայմանավորվածություն ենք ձեռք բերել գյուղացիների հետ, որ վճարումները կիրականացվեն խոստացված ժամանակահատվածում»,-ասաց փոխնախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի մոտ 50 խաղողագործներ այսօր՝ մարտի 15-ին, փակել են Երեւան-Մեղրի մայրուղու Քաղցրաշենի հատվածը մթերված խաղողի վճարումներն իրականացնելու պահանջով: ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Քաղցրաշենի ճանապարհին է:



























