Հայկական շուկայում հատկապես կիսաֆաբրիկատների արտադրության եւ վաճառքի ոլորտներում հաճախ են խախտվում սպառողների իրավունքները, քանի որ ցանկացած մեկը կարող է իր տանը կամ իր խանութում կիսաֆաբրիկատ արտադրել` առանց համապատասխան լիցենզավորման եւ վերահսկողության: Այս մասին այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` այս դեպքում պետք է ուսումնասիրություն կատարվի երկու ուղղությամբ:
«Նախ` ՍԱՊԾ-ն պետք է ստուգի` որքանով է սնունդն անվտանգ եւ որակյալ, եւ երկրորդ` պետք է ստուգվի` արդյոք Էկոնոմիկայի նախարարության կողմից տվյալ արտադրողը սերտիֆիկացված է, թե ոչ: Հաճախ կարելի է տեսնել, որ հետադարձ տվյալներ, այսինքն` արտադրող ընկերություն, հասցե, հեռախոսահամար նշված չեն սննդի վրա: Սա արդեն Էկոնոմիկայի նախարարության բացթողումն է»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Ինչպես նշեց Արմեն Պողոսյանը, առանց լիցենզավորման սնունդ արտադրողները չեն հայտաբերվում եւ չեն բերվում օրինական դաշտ, քանի որ պետական կառույցները, այս դեպքում` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ Էկոնոմիկայի նախարարությունը, լավ չեն աշխատում:
«Շուկայի մոնոպոլիզացիայի մասին խոսք գնալ այս դեպքում չի կարող, քանի որ մեկը կարող է սնունդը կամ կիսաֆաբրիկատն իր տանն արտադրել, մյուսն` իր խանութում, այսինքն` մեզնից յուրաքանչյուրն իր շրջապատում է մոնոպոլիստ, բայց որ այս ասպարեզում ինչ-որ մեկը թելադրի շուկան, էդպես չի կարող լինել: Կա պարզ ճշմարտություն` սնունդ արտադրողը պետք է լինի սերտիֆիկացված եւ վերջ»,- նշեց նա:
Անորակ, ժամկետանց կամ առանց պիտանիության ժամկետի մակնշման սնունդ գնելու դեպքում Արմեն Պողոսյանը քաղաքացիներին հորդորում է դիմել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ Հայաստանի սպառողների իրավունքների միություն:
«Մարդը խանութից, ասենք, կոտլետ է գնում, բերում է տուն` տեսնում է` ուտելի չէ, պահպանման ժամկետն է անցել, կամ առհասարակ ժամկետ չկա նշված: Նման դեպքերում, երբ խախտվում են սպառողների իրավունքները` մարդը պետք է ահազանգի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, կամ Սպառողների իրավունքների միություն»,- ասաց Արմեն Պողոսյանը:




























