Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը գտնվում է խայտառակ վիճակում: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ Հայաստանում սպառողների իրավունքներով զբաղվող 6 պետական կառույց կա, բայց դրանցից ոչ մեկն իր գործառույթը նորմալ չի իրականացնում:

Առկա խնդիրների շարքում Պիպոյանը նշել է սպառողների տեղեկացված լինելու, ընտրություն կատարելու, կրած վնասը փոխհատուցելու իրավունքի հետ կապված հարցերը:

«Իրավունքի ոտնահարում է, երբ գնում ես մի խանութ, ուզում ես քո ուզած ըմպելիքը գնես, քեզ ասում են՝ չկա, բայց հետո պարզվում է, որ գերիշխող դիրք ունեցողը չի թողել, որ այդ ապրանքը խանութը վերցնի: Երբ ՏՄՊՊՀ-ն տուգանեց «Կոկա-Կոլա»-ին, իրականում դա ինչ-որ չափով վերականգնեց սպառողի ընտրության իրավունքը, սակայն ողջունելի կլիներ, եթե նույնը կիրառվեր նաեւ «Պեպսի»-ի նկատմամբ»,-ասել է Պիպոյանը:

Նրա խոսքով, Հայաստանում չի գործում նաեւ վնասի փոխհատուցման սկզբունքը: «Երբ ինչ-որ բան ես գնում, բերում տեսնում ես, որ մեջը միջատ է, տանում ես լավագույն դեպքում մեզ մեծ լավություն են անում այդ ապրանքը հետ են վերցնում,ինչը, բնականաբար, վնասի փոխհատուցում չէ»,-ընդգծել է ՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ նման դեպքում՝ սպառողն իրավունք ունի դատարան դիմել:

Նշենք, որ այսօր՝ մարտի 15-ին, ամբողջ աշխարհում նշվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: