ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների եւ նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։
Ա.Գրիգորյանը «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատում է 2007 թվականից՝ փոստային բաժանմունքներից մեկում որպես օպերատոր։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին թվով 53 քաղաքացիներին կենսաթոշակ եւ նպաստ վճարելու համար իրեն հանձնված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան ցուցակներում ստորագրել է նշված կենսաթոշակառուների եւ նպաստառուների փոխարեն եւ գումարները յուրացրել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, վնասի մի մասը վերականգնել եւ պատրաստակամություն հայտնել պատճառված վնասը հետագայում վերականգնել ամբողջությամբ։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ քրեական գործն ուղարկվել դատարան:



























