Կրեմլը կանխատեսումներով չի զբաղվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում օդատիեզերական ուժերի խումբը կարող է վերադառնալ Սիրիա։

Պեսկովը նաեւ նշել է, որ տեղեկություն չունի Ս-400 համալիրների հետագա ճակատագրի մասին։

Կրեմլի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունները, թե ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից Դամասկոսին ուղղված դժգոհության ազդակ է, եւ որ Ռուսաստանն այդպիսով փորձում է ճնշում գործադրել նախագահ Բաշար Ասադի վրա։

«Դա Ռուսաստանի նախագահի որոշումն է, որը կայացվել է Սիրիայում ռուսական զորակազմի աշխատանքի արդյունքների հիման վրա։ Այսինքն՝ հաշվի առնելով այդ արդյունքները՝ նախագահը եկել է այն եզրակացության, որ հիմնական խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են, այդ պատճառով նախագահը նման որոշում է կայացրել»,- ընդգծել է Պեսկովը։