Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով այսօր` մարտի 15-ին, կրկին բողոքի ակցիա են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը նշեց, որ մոտ մեկ ժամ քաղաքապետարանի դիմաց մնալուց հետո իրենց է մոտեցել քաղաքապետարանի ներկայացուցիչը եւ խոստացել, որ որեւէ ձեւով կփորձեն աջակցել նրան բնակարանների խնդրի լուծման հարցում:

«Գնացել էինք, քաղաքապետի հետ հանդիպում էինք պահանջում, գոռում էինք` «Մարգարյան իջի, մեր հարցին լուծում տուր», ներկայացուցիչն իջավ ասաց, որ քաղաքապետը երկրում չի, բայց մեր խնդրի մասին նրան կտեղեկացնեն: Խոսեց հետներս, ասում էր` ո՞ր մեկիդ տուն տանք, որի՞ն թողնենք, բայց դա մեր ի՞նչ գործն է, բա ո՞նց քանդեցին բոլորիս բնակարանները»,-ասաց տիկին Վալենտինան:

Նշենք, որ Երեւանի Պուշկին փողոցի նախկին բնակիչները հունվարին նախագահական նստավայր  իրենց խնդրի լուծման պահանջով նամակ էին ուղարկել, սակայն այնտեղից  պատասխանել են, որ ոչնչով չեն կարող բնակիչներին օգնել: Բնակիչները դեկտեմբերին հանդիպել են նաեւ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել է լուծում տալ իրենց խնդրին, սակայն մինչեւ հիմա ոչնչով չի օգնել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարանն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամադրել 2 տարվա բնակարանի վարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանի վարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել: