Քվեարկածների ցուցակներն անհրաժեշտ է հրապարակել ընտրական գործընթացի թափանցիկության  համար։ Այս մասին մարտի 15-ին խորհրդարանում ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

ՕԵԿ-ը կարծում է, որ վրացական մոդելով անհրաժեշտ է ճշտել ընտրացուցակները եւ հրապարակել քվեարկածների ցուցակները։ Դա թույլ կտա հասկանալ, թե իրականում ով է մասնակցել ընտրություններին եւ կբացառի այլ անձանց փոխարեն քվեարկելու հնարավորությունը։ Բիշարյանի խոսքով՝ ընտրատեղամասերում անհրաժեշտ է երկաստիճան նույնականացում։ Փաստաթղթային նույնականացումից բացի, պետք է լինի  նաեւ էլեկտրոնային՝ մատնահետքերով, լուսանկարներով եւ էլեկտրոնային ցուցակներով։ Ընտրատեղամասերում պետք է մշտապես տեսագրություն լինի։

ՕԵԿ-ը նաեւ դեմ է բաց համամասնական ցուցակներով պատգամավորների ընտրությանը։ «Այսպես կոչված ռեյտինգային քվեարկությունը թույլ կտա մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող անձանց նորից խորհրդարան անցնել»,- ասել է նա եւ նշել, որ անհրաժեշտ է կամ ամբողջովին հրաժարվել ռեյտինգային մոդելից կամ սահմանել 85-15 տոկոս հարաբերակցություն՝ հօգուտ համամասնական ցուցակների։