Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 15-ին հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ կնքված հաշտության համաձայնության մասին որոշումը:
Նշենք, որ հաշտության համաձայնությունը ստորագրվել էր մարտի 3-ին:
Ըստ համաձայնագրի դերասան Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին կփոխհատուցի 2 մլն դրամի, ինչից հետո Հակոբյանները որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին:
Նշենք, որ դերասանի գույքը եւ դրամական միջոցները կալանքի տակ են վերցվել հենց տուժող կողմի պահանջով։ Մասնավորապես, Հակոբյանները պահանջում են, որ Վարդան Պետրոսյանը փոխատուցի տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը եւ փաստաբան Ռուբեն Բալոյան ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարը, որը, ըստ ներկայացված քաղհայցի, կազմում է 3 մլն 400 հազար:
Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:




























