19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանը, որը նախնական վարկածով՝ մարտի 14-ին Տավուշի մարզի մարտական դիրքերից մեկում ինքնասպանություն է գործել, դեպքից երեք օր առաջ էր խոսել ավագ եղբոր հետ, դժգոհել էր ծառայությունից:
«Ասեց՝ լավ չի: Զանգեց, ասեց՝ մի քանի օր էլ չեմ զանգի, մամային կասես՝ թող պինդ մնա, քանի ես սաղ եմ, քանի ես ստեղ եմ, թող հանգիստ լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի եղբայրը՝ Հայկը՝ նշելով, որ եղբայրը չի մանրամասնել, թե ինչից է դժգոհ:
Հայկը պատմեց, որ եղբայրը, որ մեկ տարի ու երեք ամիս է՝ ծառայության մեջ էր, նախկինում ոչնչից չի բողոքել, ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել: Եղբոր համար էլ անհասկանալի է՝ ինչու պետք է Կամոն ինքնասպանություն գործեր:
«Ինքը կյանքում իրան տենց վնաս չէր տա: Ինչ-որ մի դրդապատճառ եղել է հաստատ: Ինքը ոչ ինչ-որ մեկի լավին ա խառնվել, ոչ վատին»,- ասաց Հայկը:
Կամոն վերջին անգամ օգոստոսին էր արձակուրդ եկել:
Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Նա մահացել է մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



























