Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսված ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման մասին դրույթը քննարկման եւ, իհարկե, փոփոխության ենթակա է: Այս մասին մարտի 15-ին Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եւ ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, այս դրույթը հրատապ չէ: Վահրամ Բաղդասարյանը նաեւ հավելեց, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում բարձրացրել են նաեւ ԸՕ-ի նախագծով նախատեսվող երկու ցուցակների մասին հարցը՝ համապետական եւ տարածքային: Պատգամավորի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն ու ԵԱՀԿ/ՄԻԺԻԳ ներկայացուցիչները նշել են, որ այստեղ որեւէ խնդիր չեն տեսնում:





























