Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը համակարծիք է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ, որ Երեւանում պետք է թարմացնել քաղաքային տրանսպորտի պարկը:

«Երթուղային ցանցի վերանայում կլինի, այս տարի մրցույթ է հայտարարվելու: Ցանցի ստեղծման դեպքում առավել արդյունավետ կարող ենք շահագործել տրանսպորտային միջոցները: Կարծում եմ՝ երբ ներդրողներ լինեն, տրանսպորտի պարկի թարմացում կլինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Թե երբ Երեւանում վերջնականապես կազատվենք միկրոավտոբուսներից, քաղաքապետարանի պաշտոնյան չգիտի. «Ներդրողներ պետք է լինեն»:

Նշենք, որ մարտի 15-ին Երեւանում հրավիրված համաժողովի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել փողոցային լուսավորման արդյունավետությունը եւ թարմացնել քաղաքային տրանսպորտի պարկը, որը հնացել է եւ շատ էներգիա է սպառում։

«Ֆրանսիական կողմը պատրաստ է փոխանցել քաղաքային կառավարման ոլորտում իր փորձը եւ անհրաժեշտ մասնագետներ նախապատրաստել»,- վստահեցրել է Շարպանտիեն։